19/03/2024 12:08
Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր
Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում․ 24news.am-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը, ում խոսքով՝ դրանք սահմանազատող և սահմանագծող հանձնաժողովը պետք է որոշի վերադարձնել։
«Ոչ մի բան չի խոստացվել, որ որևէ բան պետք է տրվի Բաղանիսից ու Բերքաբերից։ Սահմանազատումը պետք է իրականացվի Տավուշի մարզում՝ ընդհանուր։ Հայաստանի Հանրապետությունում նման գյուղեր չկան և ՀՀ-ի տիրապետության տակ գտնվելը բացարձակապես կապ չունի, կա միջազգային իրավունք, Ադրբեջանի տիրապետության տակ էլ բազմաթիվ հողեր կան Տավուշի մարզից, այդ հանձնաժողովի խնդիրն է լինելու՝ ինչ անել»,-ասել է նա։
Պատգամավորը նշել է, որ ՀՀ-ի 29 800 քառ կմ սահմաններից վերադարձնելու մասին խոսք չկա։ «Որքանով ես եմ տեղյակ, նշված գյուղերը՝ տարածքները, նախկինում ադրբեջանական բնակեցված գյուղեր են եղել, իսկ մեր 31 գյուղեր, որոնց մասին վարչապետը բարձրաձայնել է և որոնց մասին բոլորն են խոսում, դրանք գյուղերի տարածքներ են, հանդամասեր են, խոտհարքներ են, վարելահողեր են։ Իսկ նշված 4 գյուղերը ադրբեջանական նախկին բնակեցված գյուղեր են եղել»,-ասել է նա։
Ղալումյանը համաձայնվեց, որ այդ 4 գյուղերը հանձնելուց հետո, իհարկե, Վերին Ոսկեպարում բարդություններ լինելու են, որովհետև ճանապարհը տեղաշարժվելու է։
Ըստ նրա, այդ գյուղերում, որոնք պետք է վերադարձվեն, հայեր չեն ապրում։
Իսկ թե ինչպես է լուծվելու Արծվաշենի հարցը՝ ասաց, որ որոշում է կայացվել պրոցեսը սկսել Տավուշի մարզից։ Իսկ թե երաշխիք կա՞, որ նրանք էլ կվերադարձնեն՝ ասել է, որ որևէ երաշխիք չեն կարող տալ։