19/03/2024 13:59
Ինչո՞ւ Ադրբեջանը 10, 20 տարի առաջ չէր պահանջում Տավուշի այդ գյուղերը. հիմա գիտի, որ իր առջև կա պատրաստակամ իշխանություն. Աբրահամյան (Տեսանյութ)
Ինչո՞ւ Ադրբեջանը 10, 20 տարի առաջ չէր պահանջում Տավուշի այդ գյուղերը, պահանջը ներկայացնում է այն ժամանակ, երբ տեսնում է, որ իր առջև կա պատրաստակամ իշխանություն, որը բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը կարող է աղավաղել, խախտել և գնալ միակողմանի զիջումների, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները սկզբում մի մոտեցում էին շրջանառության մեջ դրել, որ եթե Ադրբեջանը պահանջի այդ 4 անկլավները, ապա մենք էլ ունենք տարածքներ, որոնք Ադրբեջանն օկուպացրել է տարբեր շրջաններում.«Փորձում եմ համեմատության մեջ դնել, ինչը այս դեպքում կարող էր տրամաբանական երևալ։ Սակայն խնդիրն այն է, որ իշխանությունն այսօր գնում է գյուղեր և գնում է ոչ թե սահմանազատման ճշգրտման համար, այլ այդ 4+4 գյուղերի հանձնման ճանապարհով։ Հայտարարվեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսվում է տվյալ հատվածից (Բաղանիսից Բերքաբեր ընկած հատված-Aysor․am), սա այն դեպքում, երբ մինչև երեկ ՀՀ իշխանություններն այս կողմից, ադրբեջանական իշխանությունները՝ Բաքվից հայտարարում էին, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի չլուծված հարցերից մեկը վերաբերում է դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմքում դրված սկզբունքներին։ Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, երբ պարզ չէ, թե կա՞ն արդյոք կոնսենսուսային քարտեզներ և իրավական փաստաթղթային բազա և հիմա դրանց բացակայության պայմաններում Տավուշի գյուղերի հանձնումը չի նշանակում սահմանագծում և սահմանազատում իրականացնել»։
Աբրահամյանը շեշտեց, որ այդ նույն գործընթացը մի քանի տարի առաջ լուռ իրականացվեց Սյունիքում, երբ ՀՀ իշխանությունները ներքին կարգով, առանց որևէ քարտեզի գնացին «ճշգրտումների» ճանապարհով, Ադրբեջանը ստացավ այն, ինչ ուզում էր։