19/03/2024 17:38
Պատմությունը շատ հստակ արձանագրելու է՝ ով է հայրենիք ազատագրել և ով է հանձնել մեր հայրենիքը․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատրաստվող հերթական զիջումներին։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում:
Առաջին հարցը, որն առաջանում է, հետևյալն է՝ իսկ ի՞նչ փաստաթղթերի և քարտեզների վրա է իրականացվելու այս գործընթացը: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև մինչև հիմա էլ ՀՀ տարբեր պաշտոնյաներ նշում էին, որ բանակցությունների հիմնական հակասություններից մեկը, որն արտացոլված է նաև ադրբեջանական իշխանությունների պաշտոնական հայտարարություններում, վերաբերվում է սահմանների ճշգրտման տակ դրվող քարտեզներին և իրավական բազային:
Հիմա, եթե այս հարցում չկա դիրքորոշումների ներդաշնակեցում կամ, պարզ ասած, համաձայնություն, ապա ինչի՞ հիման վրա է իրականացվելու 4 գյուղերի, հիսկ հետագայում՝ 4 անկլավների հանձնման գործընթացը:
Երկրորդը՝ Հայաստանի իշխանությունը վերջին փուլում Ադրբեջանի պահանջած 4+4 գյուղերի թեմայի համատեքստում խոսում էր Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքների մասին, սակայն հիմա, երբ խոսվում է գործնականում քայլեր ձեռնարկելու մասին, չգիտես թե ի՞նչ տրամաբանությամբ, հանձնման, ճշգրտման գործընթացը տեղի է ունենում միակողմանի՝ զիջում է Հայաստանը»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով՝ 2-3 տարի առաջ Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս գալը որպես բանակցությունների վերսկսման նախապայման էր առաջադրում, հետո կրկին նահանջեց, իսկ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականության տեմպը բարձրացրեց:
«Փաշինյանը նաև ասում է, թե իր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք՝ ակնարկելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր հետ սպառնալիքի լեզվով է խոսում, ինքն էլ ստիպված հասարակության է շանտաժի ենթարկում:
Եթե հիմքն այն է, որ ամեն ինչ տանք, որ պատերազմ չսկսի, ապա հանրությունը լավ գիտի ու տեսել է, որ տարբեր շրջափուլերում այդ սկզբունքը չի աշխատել և նույնիսկ միակողմանի զիջումներից հետո Ադրբեջանը չի հանգստացել ու գնացել է ագրեսիայի»,- խոսքը շարունակեց Տիգրան Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ Փաշինյանն իր հրապարակային խոսքի հիմքում այս սկզբունքը դնելով՝ իր թուլությունն է ի ցույց դնում նաև թշնամուն՝ նրան նոր խաղաքարտ տալով ու անընդհատ շանտաժի մղելով:
«Իշխանությունը երկրի ներսում, այդ թվում՝ այս դահլիճում, խոսում է հոխորտանքների, վիրավորանքների և սպառնալիքների լեզվով, իսկ երբ խոսքը հասնում է բանակցային գործընթացին և Ադրբեջանի սպառնալիքներին պատասխանելուն, ապա խոնարհ, ստորացված, անտրտունջ, կուչ եկած կեցվածքում է:
Եվ որպես հետգրություն՝ ինչ վերաբերում է հայկական և հակահայ ուժերին, ապա և՛ այստեղ, և՛ այս դահլիճից դուրս գտնվող գործիչների, առաջնորդների, ուժերի քաղաքական հետագիծը բոլորի առաջ է եղել, և պատմությունը շատ հստակ արձանագրելու է՝ ով է հաղթել, ով է հայրենիք ազատագրել և ով է զիջել, ով է հանձնել մեր հայրենիքը»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։