19/03/2024 14:26
Որևէ վարչական բնակավայր կամ տարածք, որը Սովետական Հայաստանի սահմաններում է եղել, չենք պատրաստվում որևէ երկրի տալ. Թորոսյան
Առաջին անգամ չի, որ խոսում ենք սահմանազատման անհրաժշտության մասին. իսկ թե ինչու Տավուշից՝ կարող է ունենալ մի քանի բացատրություն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Առաջինը՝ կարևոր է այդ գործընթացը սկսել, որովհետև փաստացի մենք կարող ենք հավերժ խոսել սահմանազատման մասին և երբեք չսկսել։ Մեր շահերից է բխում այն սկսելը։ Շատ կարևոր է երկկողմ որոշում կայացնել, թե որ քարտեզներով ենք առաջնորդվում, և այդ որոշումը պետք է նշանակի, որ եթե մի հատվածում իրականացնում ենք սահմանազում, ուրեմն մյուս հատվածներում էլ պետք է իրականացվեն այդ քարտեզներով»,-ասաց Թորոսյանը։
Նա ասաց, թե դա չի նշանակի նոր սահմանի ստեղծում, այլ փաստացի եղած սահմանի իրավական ամրագրումը պետք է լինի։
«Որևէ վարչական բնակավայր կամ տարածք, որը Սովետական Հայաստանի սահմաններում է եղել, չենք պատրաստվում որևէ երկրի տալ։ Իսկ եթե սահմանագծման ընթացքում կանցնի որևէ տարածքով, որն այս կամ այն կողմի տիրապետության տակ է, դա պետք է փոխադարձաբար, երկու կողմերի պայմանավորվածությամբ վերադարձվի այս կամ այն կողմին»,-ասաց Արսեն Թորոսյանը։