19/03/2024 16:57
Ամեն ինչի գնով խաղաղությունը խաղաղություն չէ․ Հակոբ Հակոբյան
Այս պահի դրությամբ ՀՀ իշխանությունների կողմից չենք տեսնում որևէ քայլ, որը միտված կլինի արցախցիների վերադարձին, «Մեդիալաբ»-ի հետ զրույցում ասել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանում ներկայումս գտնվող բռնի տեղահանված արցախահայության նկատմամբ իրականացվող բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրանց վերադարձին, բայց այսօր որևէ մի ծրագրի մեջ մենք չենք տեսնում վերադարձին միտված որևէ գործողություն։ Այս իշխանությունը ջանքեր չի գործադրում, որպեսզի վերադարձի հարցը բերի բանակցային սեղան, ու Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքում այն քննարկվի»,- ասել է Հակոբյանը։
Իշխանությունները, նրա խոսքով, բացահայտ հայտարարում են, որ այս պահին իրենց քաղաքական օրակարգում չկա նման հարց։
«Ու շատ ցավալի է, որ նրանք ուղղակի ուզում են Արցախից բռնի տեղահանվածներիս սոցիալական հարցերը լուծել զուտ այդ առումով, այլ ոչ թե ստեղծել բռնի տեղահանվածների համար արժանապատիվ ժամանակավոր հանգրվան՝ մինչև վերադարձի հնարավորությունը»,- նշել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահը։
Ինչ վերաբերում է «խաղաղության» օրակարգի շուրջ բանակցություններին, ապա, ինչպես նշել է Հակոբ Հակոբյանը, «ամեն ինչի գնով» խաղաղություն չեն հաստատում, դա հակառակ արդյունքը կտա։
«Ցանկացած երկիր, որը պատրաստվում է ամեն գնով հասնել խաղաղության, դատապարտված է ձախողման ու ստանալու է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ, որովհետև խաղաղություն ամեն ինչի գնով՝ արդեն իսկ խաղաղություն չէ։
Ադրբեջանցիները պատրաստ են ստանալ խաղաղություն՝ առանց հայերի, այլ ոչ թե խաղաղություն հայերի հետ ու, կարծում եմ, որ այս գործընթացում Ադրբեջանը հասնում է տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդմանը, այդ թվում նաև՝ տարածքային առավելապաշտական նկրտումների բավարարմանը, այլ ոչ թե խաղաղության։ Հետևաբար, այդ թեմայի վերաբերյալ խոսակցությունները, բանակցությունները իրական չեն, քանի դեռ մենք չենք հստակեցրել մեր պայմանները»,- ասել է նա։