19/03/2024 11:08
Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին՝ մարտի 18-ին, Միշելը Euractiv կայքում հրապարակել է հոդված՝ «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի» խորագրով։
Շառլ Միշելը հոդվածը սկսում է՝ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին պատմելով։
«Հեռախոսով լսելով Վլադիմիր Զելենսկիի մռայլ ձայնը․ «Ռումբերն ընկնում են մեզ վրա, սա լայնածավալ ներխուժում է», ես հասկացա, որ այդ պահին ամբողջ անվտանգության համակարգը, որ գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդմիշտ փոխվել է։ ԵՄ-ն նույնպես դրա հետ միասին պետք է արագ փոխվի», - գրում է Միշելը:
Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելում է, որ պատերազմի մեկնարկից երկու տարի անց «պարզ է դարձել, որ Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայում, ինչպես 10 տարի առաջ կանգ չի առել Ղրիմում»։
«Ռուսաստանը շարունակում է ապակայունացնող մարտավարությունը Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արևմտյան Բալկաններում և նույնիսկ աֆրիկյան մարցամաքում», - գրում է նա։
Միշելը նաև գրում է, որ համարժեք արձագանք չտալու դեպքում Եվրոպան կարող է լինել հաջորդը։
«Եթե մենք ԵՄ-ի պատասխանը ճիշտ չկազմակերպենք և Ուկրաինային բավարար օգնություն չտրամադրենք Ռուսաստանին կանգնեցնելու համար, ապա մենք հաջորդը կլինենք», - հավելում է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
Այս առումով Միշելը Եվրոպային առաջարկում է վերանայել իր մոտեցումը տնտեսության նկատմամբ և առաջնահերթություն տալ պաշտպանական խնդիրներին՝ անցնելով «պատերազմի տնտեսության» ռեժիմի։
«Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար: Մենք այլևս չենք կարող հույս դնել ուրիշների վրա կամ կախված լինել ԱՄՆ-ում կամ որևէ այլ վայրում ընտրությունների արդյունքներից», - նշում է Շառլ Միշելը՝ հավանաբար, արձագանքելով ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, որը նշել էր, որ ընտրվելու դեպքում չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք պաշտպանությանը չեն ուղղում անհրաժեշտ գումարը։