19/03/2024 09:54
«Ժողովուրդ». Հերթական զիջումներից հետո Ադրբեջանի «ախորժակը» կզսպվի՞․ Փաշինյանն ասել է՝ երաշխիք չի կարող տալ, բայց հույս ունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Տավուշի գյուղերի հանձման մասին թեժ խոսակցությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանդիպումը շատ թեժ մթնոլորտում է անցել: Այն տեղի է ունեցել Ոսկեպար գյուղի Մշակույթի տանը: Մինչ ներս մտնելը հավաքել են քաղաքացիների հեռախոսները, բացի սա, հանդիպման մասնակիցները մետաղաորսիչ սարքի միջով են անցել, ու նոր միայն թույլատրել են մտնել դահլիճ: Այսինքն՝ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ հանդիպումից, այսպես ասած, սլիվներ չլինեն, հանդիպումը չձայնագրվի կամ տեսագրվի:
Հանդիպման ժամամակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես իր գործելաոճին է բնորոշ, տավուշցիներին պատերազմով է վախեցրել, ասել է՝ եթե ադրբեջանցիների պահանջած 4 գյուղերը չտանք, ապա նորից պատերազմ է սկսվելու Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի գործուն աջակցությամբ: Բացի սա, Փաշինյանն ասել է, որ գյուղերի հանձնումից հետո Ադրբեջանն արդեն երկրորդ փուլով անկլավային համարվող գյուղեր է պահանջելու, ու արդեն սկսել է փաստաթուղթ մշակել սրա համար:
Իսկ երբ քաղաքացիները անհանգստություն են հայտնել, թե դրանից հետո ինչ է լինելու այն բնակավայրերի հետ, որոնց հետ կապը կտրվում է, Փաշինյանն ասել է, թե Ենոքավանով ու Ջուջևանով անցնող նոր ճանապարհ կկառուցեն, իսկ եթե անհրաժեշտ լինի, նաև Ոսկեպարով անցնող թունել կկառուցվի:
Քաղաքացիները նաև հետաքրքրվել են՝ արդյոք հերթական զիջումներից հետո երաշխիք կա, որ Ադրբեջանի ախորժակը կզսպվի, ու այլևս նոր պահանջներ չի ներկայացնի թշնամին. Փաշինյանն ասել է՝ երաշխիք չի կարող տալ, բայց հույս ունի:
Մեզ ևս մեկ ուշագրավ դեպք հայտնի դարձավ այս հանդիպումից.այսպիսով, տավուշցիներից մեկը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե օրեր առաջ հանդիպել է նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ու վերջինս ասել է, որ գյուղերի վերադարձը միայն փոխադարձության սկզբունքով պետք է տեղի ունենա, այսինքն՝ Ադրբեջանն էլ իր հերթին մեր տարածքները պետք է վերադարձնի: Լսելով այս պատմությունը՝ Փաշինյանը վրդովվել է ու կտրուկ արձագանքել է, թե ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, այդ հարցերը Պապիկյանի տիրույթում չեն:
Ըստ էության, Փաշինյանի այցը նպատակ է ունեցել տավուշցիներին վախեցնելու ու նոր զիջումների պատրաստելու»։