19/03/2024 18:49
Փոփոխություններ են մտցվել գյուղմթերքի իրացման և ձեռքբերման կարգում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է․
«ՄՊՀ նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել գյուղմթերքի արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերությունների և այլ շահագրգիռ անձանց հետ՝ ներկայացնելու նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը:
Նոր կարգավորումներով էական փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական արտադրանքի իրացման և ձեռքբերման հարաբերություններում: Մասնավորապես սահմանվել է լիովին նոր ինստիտուտ՝ գյուղատնտեսության արտադրանքի իրացման բանակցային ուժեղ դիրք, և հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են դրա չափորոշիչները: Այսպես՝
եթե գյուղատնտեսական արտադրանք իրացնողը ֆիզիկական անձ է, ապա ձեռք բերողը կարող է ունենալ բանակցային ուժեղ դիրք նախորդ տարվա հասույթը 25 մլն դրամը գերազանցելու դեպքում:
Այն դեպքում, երբ իրացնողը իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, սահմանվել են իրացնողի և ձեռք բերողի հասույթների հարաբերակցության շեմեր՝ սկսած 25 մլն դրամից: Միաժամանակ ձեռք բերող կազմակերպության հասույթը պետք է 10 անգամ գերազանցի իրացնողի հասույթի չափը:
Տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում: Ընդ որում, նշված դեպքերով Հանձնաժողովը կարող է տուգանք կիրառել՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսի չափով:
Օրենսդրական կարգավորումները ուժի մեջ կմտնեն մայիսի 6-ից:
Միջոցառման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրեցին իրականացված օրենսդրական փոփոխությունների մանրամասները և պատասխանեցին մասնակիցների բարձրացրած մի շարք հարցերի:»