19/03/2024 10:36
«Հրապարակ». ՀՀ իշխանությունը կփորձի՞ հետայսու աշխատել Արցախի ՀԿ սեկտորի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀԿ սեկտորի ակտիվիստները մարտի 20-ին հանրահավաք են անելու Օպերայի հրապարակում։ Նախաձեռնողներից մեկը` նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, օրերս ազդարարեց. «Հանրահավաքի օրակարգը վերաբերում է բացառապես Արցախի ժողովրդի իրավունքներին ու առկա մարդասիրական կարիքներին և որևէ առնչություն չունի ՀՀ ներքաղաքական պայքարի հետ»։
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը՝ փորձելով Արցախի պետական ինստիտուտների վրա տապանաքար դնել և հետայսու աշխատել ՀԿ սեկտորի հետ։ Այս նպատակով հանդիպում է կայացել Արցախի ներկայացուցչությունում` հանրահավաքի նախաձեռնողների և Արցախի խորհրդարանական ուժերի միջև:
ՀԿ-ներին զգուշացվել է, որ չտրվեն ՀՀ իշխանությունների սադրանքներին, գործիք չդառնան, քանզի չի բացառվում, որ փաշինյանական թիմն առաջարկի ՀԿ սեկտորին` աշխատանքային խումբ ձևավորել և կառավարության հետ աշխատել արցախցիների խնդիրների լուծման վրա: Կստացվի, որ այդպիսով լուծարում են ԱՀ պետական ինստիտուտները և արցախցիների հարցերի պատասխանատու նշանակում այդ խմբին։ Քննարկման արդյունքում որոշել են համատեղ անել հավաքը, ապա իշխանության արձագանքից հետո որոշել իրենց հետագա անելիքները»։