19/03/2024 22:12
Հայաստանի և Բուլղարիայի գիտությունների ակադեմիաների նախագահները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Սույն թվականի մարտի 14-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Բուլղարիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Յուլիան Ռևալսկին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այն ստորագրվել է ՀՀ ԳԱԱ նախագահի՝ Բուլղարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Այդ մասին հայտնում է ԳԱԱ մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է գիտնականների փոխանակում, գիտաժողովների, կոնգրեսների, սեմինարների և աշխատաժողովների կազմակերպում, տեղեկատվության և հրապարակումների փոխանակում, համատեղ միջոցառումների կազմակերպում՝ ուղղված գիտության դերի մասին հասարակական կարծիքի ամրապնդմանը։
Երկու երկրների ակադեմիաները կհամագործակցեն հետևյալ գիտական ուղություններով․
մաթեմատիկա, համակարգչային գիտություն և ճարտարագիտություն
նոր նյութեր և առաջադեմ տեխնոլոգիաներ
կյանքի որակ և կենսատեխնոլոգիա
կենսառեսուրսներ և էկոլոգիա
կլիմայի փոփոխություն, վտանգավոր երևույթներ և բնական ռեսուրսներ
աստղագիտություն, տիեզերական հետազոտություն և տեխնոլոգիա
պատմամշակութային ժառանգություն և ազգային ինքնություն
մարդ և հասարակություն։