19/03/2024 13:45
Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում կայունության հաստատման վրա. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի ու Իրանի հետ չափազանց կարևոր են ու մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- նշեց նա։
Վարչապետը Յենս Ստոլտենբերգին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելուՀայաստանի կառավարության տեսլականը։
«Վերահաստատում եմ բազմիցս հնչեցված պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանը միջազգային հանրությունից, այդ թվում ՆԱՏՕ-ից ակնկալում է հաստատակամ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
«Մենք հավատարիմ ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին, գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռևս 2022 թվականին ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,- նշեց ՀՀ վարչապետը։