19/03/2024 22:28
«Հայ կոմպոզիտորական արվեստի» 15-րդ փառատոնը շարունակվում է․ Մարտի 28-ին կհնչեն Վահագն Վարդանյանի‚ Արամ Սաթյանի‚ Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ անցկացնում է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 15-րդ փառատոնը։
Փառատոնի շրջանակում ներկայացվում են 20-րդ դարի մեծանուն և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Մարտի 14-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել իտալացի թավջութակահար‚ հեղինակավոր մրցույթների դափնեկիր‚ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր Էտտոռե Պագանոն՝ կատարելով Առնո Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը։ Համերգի ընթացքում հնչել են նաև Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից‚ Վաչե Շարաֆյանի Սյուիտը «Երկրորդ Լուսինը» բալետից։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Ռուբեն Ղազարյանը։
Մարտի 19-ի համերգին ելույթ է ունեցել շեփորահար Սելինա Օտտը՝ ներկայացնելով Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը։ Կատարվել են նաև Ալեքսանդր Հարությունյանի Տոնական նախերգանքը սիմֆոնիկ նվագախմբի համար և Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիան։ Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Մարտի 28-ի համերգը կրում է «Մարդու ճակատագիրը» խորագիրը. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Վահագն Վարդանյանի Պրելյուդ, պասակալիա և ֆուգա սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործությունը‚ Արամ Սաթյանի «Մակբեթ» սիմֆոնիկ պոեմը‚ Ջոն Տեր-Թադևոսյանի Սիմֆոնիա թիվ 2-ը՝ «Մարդու ճակատագիրը» (ըստ Միխայիլ Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» պատմվածքի)։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Ալեքսանդր Հումալան։