20/03/2024 10:31
Խորհրդարանը վավերացրեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը
Ազգային ժողովը վավերացրեց «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը:
Նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ` 0, ձեռնպահ` 27:
Համաձայնագիրը կարգավորում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը՝ տարածվելով առաքելության և նրա անձնակազմի վրա և նախանշելով Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելության գործառույթները։ Առաքելության գործունեությունը կարգավորվում է ոչ միայն ՀՀ արևելյան սահմանների կայունության ապահովման, այլև ԵՄ-Հայաստան քաղաքական հարաբերությունների մերձեցման արագընթաց գործընթացների տեսանկյունից։
Հայաստանի Հանրապետությունում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային և հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն։
Համաձայնագրով հստակեցվում են նաև Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված պատկան մարմինների գործառույթները, Հայաստանի տարածքում սահմանի հատման, տեղաշարժի ընթացակարգերի, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև քրեական իրավազորությունը, անվտանգությունը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր։