20/03/2024 11:19
Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են իրենց անշեղ ընթացքը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ հաջողություններով ու խաղաղությամբ։ Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ փոխադարձ հարգանքի ու շահերի համադրման մթնոլորտում զարգացող Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են իրենց անշեղ ընթացքը:
Լիահույս եմ, որ լիարժեքորեն օգտագործելով մեր երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժը՝ ընթացիկ տարում կհասնենք փոխգործակցության նոր հորիզոնների՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության:
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն»։
Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին բնության զարթոնքի և գարնանամուտի տոնի՝ Նոուրուզի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար լինի անխախտ խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։
Մեր կառավարությունն ու ժողովուրդն առանձնահատուկ կերպով են կարևորում փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված Հայաստան-Իրան հարաբերությունները:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամենակարճ ժամանակահատվածում նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգին, և կկենսագործվեն ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող բազում ծրագրեր:
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, իսկ բարեկամ իրանցիներին՝ խաղաղություն և բարօրություն»։