20/03/2024 14:49
Ստոլտենբերգի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան Հարավային Կովկասի հանրապետությունները եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձն է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նման փորձեր Հյուսիսատլանտյան դաշինքի և առանձին անդամ երկրների կողմից վաղուց ու համակարգված են արվում: Ստոլտենբերգի այցը հաստատում է, որ ակտիվությունն այդ ուղղությամբ մի քանի անգամ աճել է։
«Ի՞նչն է խնդիրը, ի՞նչն է էությունը: Էությունն այն է, որ խնդիրները Հարավային Կովկասում կարծես թե պակասել են, բայց Արևմուտքում դա ո՞ւմ կարող է դուր գալ», - ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Արևմուտքին հանգիստ չի տալիս այդ պետությունների՝ միմյանց հետ փոխգործակցության փաստը, որն արդեն սկսել է կառուցվել խաղաղ պայմանավորվածություններին մոտենալու հունով։ Նրանց չի գոհացնում նաև այդ պետությունների՝ Ռուսաստանի հետ շփման փաստը, որը իրավահավասար է, փոխադարձ հարգալից և ուղղված է տարածաշրջանում համապարփակ խաղաղությանը։
Այստեղից էլ բխում են այդ երկրների հարաբերությունները միմյանց և Ռուսաստանի հետ փչացնելու չդադարող փորձերը։ Նա ավելացրել է, որ Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացելու խնդիր կա։