20/03/2024 14:45
100.000 դոլար արցախահայությանը՝ Խաչանով-Ռուբլյով բարեգործական խաղից
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը: Այս մասին հայտնում են armsport.am-ից։
Խաչանովը հայտնել է, որ արցախահայության օգնելու նպատակով ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում թենիսիստ Անդրեյ Ռուբլյովի հետ անցկացրած բարեգործական խաղում հավաքվել է 100 հազար դոլարից ավելի գումար.
«Անցած շաբաթ օրը կրկին բարեգործական հանդիպում անցկացրինք՝ ի աջակցության Հայաստանի և Արցախի ժողովրդի։ Այս տարի մեզ հաջողվեց հավաքել ավելի քան 100.000 դոլար։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս միջոցառմանը: Մասնավորապես, իմ լավ ընկեր Անդրեյ Ռուբլյովին, ով անտարբեր չմնաց, կազմակերպիչներին՝ Homenetmen Glendale Ararat ակումբին՝ ի դեմս Էրիկ Էսրաիլյանի, ինչպես նաև իմ հովանավորներ Wilson-ին ու Nike-ին, ովքեր ամենակարճ ժամանակում կարողացան ուղարկել ավելի քան 100 ռակետ և համազգեստ երեխաների համար։
Հայաստանին և Արցախի ժողովրդին օգնելու իմ ճանապարհը դեռ սկզբնական փուլում է, բայց հուսով եմ, որ նույնիսկ այս փոքր քայլերը մոտ ապագայում բարենպաստ փոփոխությունների կհանգեցնեն»,- գրել է Խաչանովը։
Ցուցադրական խաղում Խաչանովը հաղթել է 6-3, 4-6, 10-8 հաշվով։ Խաղը կայացել է Homenetmen Glendale Ararat թենիսի ակումբում։