20/03/2024 16:04
ՀՀ վարչապետի կողքին կանգնած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պրովոկացիա էր անում. Մարուքյան (Տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայաստանյան այցին և հայտարարություններին:
«Այն պայմաններում, որ Հայաստանում քննարկվում է Ադրբեջանի պահանջների միակողմանի իրականացումը, խոսքը Տավուշի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին է, որը միակողմանի է, Հայաստան է այցելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և հայտարարում, որ աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, խաղաղությանը: Բայց, փաստորեն, ինքը չի կարողանում Ալիևին ասել, որ Պրահայում Եվրոպական հարթակում հայտարարություն եք ընդունել, փոխադարձ ճանաչել եք Խորհրդային Միության սահմանները և այդ սահմանները չեն կարող միակողմանիորեն վերադասավորվել: Հետևաբար, դու՝ Ադրբեջա՛ն, օկուպացրել ես շուրջ 215 քառ/կմ տարածք, 31 գյուղերի կենսական նշանակության տարածքներ, արոտավայրեր: Սա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի կարողանում ասել, բայց եկել է, և Հայաստանում ինչ-որ ցնծություն է տեղի ունենում: Լրագրողը նրան հարց է տալիս՝ Հայաստանը կարո՞ղ է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, նա պատասխանում է, թե Հայաստանը պետք է որոշի: Եղբա՛յր, Վրաստանը, Ուկրաինան որոշեցին, դարձե՞լ են ՆԱՏՕ-ի անդամ: Բացի պրովոկացիա անելուց և այդ երկրներին պատերազմի մեջ գցելուց, ուրիշ ի՞նչ է տեղի ունեցել»,-նշում է Մարուքյանը:
Նա նաև նշեց, որ ՀՀ վարչապետի կողքին կանգնած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պրովոկացիա էր անում. «Ասում էր՝ Պուտինը չպետք է հաղթի պատերազմում: Եղբա՛յր, Հայաստանի տարածքում նման հայտարարություն անում ես, որ նոր թշնամիր ձեռք բերե՞նք ՀՀ-ի համար»: