20/03/2024 16:44
Վիետնամի նախագահը հրաժարական է տվել
Վիետնամի իշխող Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ընդունել է երկրի նախագահ Վո Վան Տհունգի հրաժարականը, հայտնել է «Վիետնամի ձայնը» ռադիոկայանը։
Տհունգի լիազորությունները դադարեցվել են նաև կուսակցության քաղբյուրոյում, նա այլևս իշխող Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի մշտական անդամ չէ։ Հրաժարականն, ըստ ընթացակարգի, հաջորդիվ պետք է հաստատի Վիետնամի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարանը-խմբ․)։
Նշվում է, որ Վո Վան Տհունգի հրաժարականի պատճառ է դարձել նրա կողմից կուսակցության կանոնադրության մի շարք դրույթների խախտումը, ինչը առաջացրել է հասարակության բացասական արձագանքը։ Արդյունքում նա որոշել է հրաժարականի դիմում ներկայացնել, որը հաստատվել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստում։
Վո Վան Տհունգը Վիետնամի նախագահն էր 2023 թվականի մարտի 2-ից։