20/03/2024 17:38
Բաղանիսը, Ոսկեպարը, Կիրանցը, Բերքաբերը կմնան, բայց սահմանի դելիմիտացիայի հետ կապված՝ անվտանգության հարցեր կան․ Փաշինյան (Տեսանյութ)
Ընդդիմադիրներն ասում են, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը, պետք է այդ դեպքում խնդրել, որ ասեն՝ Տավուշի մարզի ո՞ր գյուղերի մասին է խոսքը, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ ինքը որևէ ադրբեջանական գյուղի անուն չի տվել։ «Կիրանցի վարչական շրջանի ղեկավարը նշեց Խրեմլի գյուղ, ես էլ արձագանքեցի՝ հարցնելով՝ Տավուշի մարզում Խրեմլի անունով գյուղ կա՞։ Հիմա օգտվելով առիիթից՝ ուզում եմ ներկայացնել մեր դիրքորոշումը, թե ինչի պատրաստակամություն ունենք»,-ասաց նա։
Փաշինյանը ներկայացրեց, թե ՀՀ կառավարությունն ինչի է պատրաստ։
«Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դելիմիտացիա սկսել հետևյալ հատվածում՝ ՀՀ-ի կողմից Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս, Այրում։ Հաջորդը՝ ՀՀ-ի կողմից Ոսկեպար գյուղը և դիմացը գտնվող Ադրբեջանի մոտավորապես Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածը։ ՀՀ-ի կողմից Կիրանց, դիմացը գտնվող ադրբեջանական Ղերեմլի գյուղ։ ՀՀ-ի կողմից Բերքաբեր գյուղ, և դիմացը գտնվող սահմանի հատվածը՝ Կիզիլ Հաջիլի գյուղ, ընդ որում, այդ գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, 20 տարի առաջ էլ»,-ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ բոլոր նշված գյուղերը ոչ անկլավային գյուղեր են։
Փաշինյանի խոսքով՝ Բաղանիս գյուղը գտնվում է ՀՀ քարտեզի մեջ և Բաղանիս Այրումը դուրս է եղել քարտեզից։ «Բաղանիսը կա, միշտ էլ կմնա այս քարտեզի մեջ, Ոսկեպարը կմնա, Կիրանցը այստեղ է և կմնա, Բերքաբերը կմնա։ Այլ բան, որ սահմանի դելիմիտացիայով պայմանաավորված՝ Ոսկեպարի անվտանգության հետ կապված հարցեր կան, և գյուղացիների բոլոր բարձրացված հարցերը լեգիտիմ են»,-ասաց նա։