20/03/2024 16:26
Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն Արևմուտքի կողմից պարտադրված գործողությունների համար. Զախարովա
Հայաստանի իշխանություններն իրենք պետք է պատասխանատվություն կրեն այն քայլերի և որոշումների համար, որոնք արվում են արևմտյան գործընկերների ազդեցության տակ, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մասնավորապես, նա այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը մատնանշել է Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքը, եթե Երևանը փոխզիջումների չգնա:
«Կցանկանայի, որ բոլորը պատասխանատվություն կրեն իրենց քայլերի համար, որոնք արվում են արևմտյան գործընկերների ազդեցության տակ կամ նրանց հետ»,- նշել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ Փաշինյանի այս հայտարարությունները չպետք է ասոցացվեն Ռուսաստանի հետ։
«Մեզ հետ այս հարցով խորհրդակցություններ չեն եղել, շփումներ չեն եղել, սա բացառապես որոշել է Հայաստանի ղեկավարությունը՝ Արևմուտքի հետ խորհրդակցության հիման վրա»,- պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ «Հայաստանի վարչապետը չի շահի իր բնակչությանը պատերազմով վախեցնելուց»:
«Քիչ հավանական է, որ սեփական բնակչությանը ահաբեկելը Հայաստանին ձեռնտու արդյունքի հասնելու լավագույն միջոցը լինի։ Պետք է այդ հարցերը լուծել հանգիստ, կառուցողական եղանակով»,- եզրափակել է դիվանագետը։