20/03/2024 18:46
Եթե տեսնենք, որ վերջին շտրիխը մնացել է դա` կարող ենք գնալ այդ քայլին. Փաշինյանն` Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հաստատեց` Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ ներկայացված միջազգային գանտատներից կհրաժարվեն, երբ խաղաղության պայմանագիրը վերջանական ստորագրած կլինեն:
«Կարծում եմ, որ մենք գիտենք` այդ հարցում միակողմանի ընկալումները մեզ հնարավորություն չեն տալիս ամբողջական դիտարկել իրավիճակը: Մենք ունե՞նք արդյոք մեր ճշմարտությունները, իհարկե, ունենք, բայց դա չի նշանակում, որ դա միակ ճշմարտությունն է աշխարհում»,- ԱԺ-ում հայտարարեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց` եթե տեսնեն, որ հաստատվում է կայուն ու տևական խաղաղություն ու վերջին շտրիխը մնացել է դա` կարող են գնալ այդ քայլին:
«Եթե տեսնենք, որ չէ, չի ստացվելու կայուն ու տևական խաղաղություն, պարզ է, որ այդ գործիքից չենք հրաժարվի»,- ասաց նա:
Հիշեցնենք` մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե արդյոք Հայաստանի օրակարգում կա՞ Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային գանգատներից հրաժարվելու հարց, ասել էր, որ բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է:
«Հարցը պետք է լինի երկուստեք: Խոսքը չի կարող լինել միայն Հայաստանի պարագայում, երկուստեք պետք է գնալ նման լուծման»,- նշել էր Փաշինյանը: