20/03/2024 16:48
Քարտեզների վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս պահին որևէ համաձայնություն չկա. Նիկոլ Փաշինյան
Քարտեզների վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս պահին որևէ համաձայնություն չկա, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կա համաձայնություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմաթայի հռչակագրի հիման վրա ու կա ըմբռնում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որի համար քաղաքական հիմքը նույնպես պետք է լինի նույն հռչակագիրը»,- նշեց նա:
Վարչապետի խոսքով` ոչ թե նոր սահման է ստեղծվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ Խորհրդային Միության ամենավերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտվում են գետնի վրա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Տավուշում Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանն ինքը աշխատանքային ոչ մի տեղեկատվություն չի փոխանցել:
«Ես խոսել եմ Ադրբեջանի հրապարակային արտահայտած դիրքորոշման մասին, որը հասանելի է բոլորին»,- նշեց վարչապետը: