20/03/2024 13:05
Մենք մտածում ենք Հայաստանի մասին. միակողմանի ոչ մի բան չենք հանձնում. ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը վստահեցնում է, թե իրենք մտածում են Հայաստանի մասին ու խոսում են Հայաստանի շահերից:
«Մենք փորձել ենք Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահել, բայց պատերազմից հետո զգացել ենք, որ այն, ինչ ցանկանում ենք, չի իրականանում ու, ելնելով Հայաստանի շահերից, պետք է գտնենք այլ պարտնյորներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ղազարյանը նշեց, թե Հայաստանը ոչ թե հրաժարվում է ՌԴ-ի հետ լավ հարաբերություններից, այլ ուզում են գտնել այլ գործընկերներ:
ՔՊ-ականը լսել է Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու խոսակցությունները, բայց չի կարծում, որ միակողմանի կլինի:
«Լսել եմ, որ այդպիսի խոսակցություններ կան, հատկապես, ընդդիմությունն է հաճախակի բարձրաձայնում այդ մասին, որ տեսեք` Հայաստանը տարածքներ է հանձնում, Ադրբեջանի խոսույթը բերվում է մեզ մոտ ու անընդհատ մարդկանց վախեցնում են: Մենք ոչ մի բան էլ չենք զիջում, մենք փորձում ենք նորմալ հարաբերություններ ստեղծել, պետք է կարողանանք մեր հարևանների հետ գալ համաձայնության»,- նշեց նա:
Պատգամավորն ասաց, թե խմբակցությունում դեռ չեն քննարկել գյուղերի հարցը, ուղղակի լսում են վարչապետին, նախարարներին:
«Կարծում եմ, որ մենք միակողմանի ոչ մի բան չենք հանձնում, հանձնելու մասին խոսք չկա»,- նշեց Ղազարյանը` խորհուրդ տալով սպասել: