21/03/2024 20:21
Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև ութ տարեկան երեխաների մոտ
Կավասակիի համախտանիշ հիվանդությունը հանդիպում է մինչև ութ տարեկան երեխաների մոտ։ Տղաները հաճախ հիվանդանում են մեկ տարեկանում։ Էթիոլոգիան և ծագման այլ տվյալներ դեռևս անհայտ են, սակայն ենթադրվում է դրանց աուտոիմուն ծագումը։
Հիվանդության կլինիկական պատկերում հատկանշական է երկարատև բարձր ջերմությունը, որը նույնիսկ հակաբիոտիկների ազդեցությունից չի իջնում։
Ակնառու է հիվանդի ընդհանուր ծանր վիճակը, աչքի շաղկապենու բորբոքումը (կոնյունկտիվիտ), ձեռքերի և ոտքերի մատների ուժեղ էրիթեման, ձեռքերի ու թաթերի կարծր այտուցը՝ մատների ծայրերի թերթաձև թեփոտումով, բազմաձև ցանը։
Հիվանդությանը բնորոշ է նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը՝ հիպերեմիա, «մորագույն» լեզու, լորձաթաղանթի չորություն, ըմպանի բորբոքում, շրթունքների ճաքեր։
Հաճախ նկատվում են պարանոցի ավշահանգույցների մեծացում, հոդաբորբ կամ խոշոր հոդերի ցավեր, չափավոր փորլուծություն, կարդիոմեգալիա, սրտի ռիթմի խանգարում, սիստոլային աղմուկ, ասեպտիկ մենինգիտի ախտանիշներ։
Հիվանդի վիճակը վատանում է սրտի պսակաձև անոթների ախտահարման ժամանակ։ Գրականության մեջ նկարագրված են Կավասակիի սինդրոմի հետ կապված սրտամկանի ինֆարկտներ, սրտի պսակաձև զարկերակների անևրիզմաների պատռվածքներ։
Հիվանդության ախտորոշման ժամանակ մեծ տեղ է տրվում սրտի պսակաձև անոթների բնորոշ ախտահարման էլեկտրասրտագրին և պսակաձև անոթների ուսումնասիրություններին։ Լաբորատոր տվյալներից նշվում են նեյտրոֆիլային թեքումով լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի բարձրացում, «C» ռեակտիվ սպիտակուցի հայտնաբերում, արյան շիճուկում՝ a2–գլոբուլինների և տրանսամինազների պարունակության ավելացում։
Բուժման նպատակով կիրառվում է ացետիլսալիցիլաթթվի և հակաբիոտիկների համակցումը։ Ծանր դեպքերում նշանակում են պրեդնիզոլոնի միջին դեղաչափեր՝ հակամակարդիչ դեղամիջոցների զուգակցումով։
Որոշ հեղինակների կարծիքով, այս հիվանդության դեպքում կորտիկոստերոիդները հակացուցված են, քանի որ դրանք նպաստում են թրոմբների և անևրիզմաների կամ նեղացումների առաջացմանը։
Բարդացած դեպքերում ցուցվում և կիրառվում է վիրահատական բուժում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն