21/03/2024 15:47
Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Ֆրանսիայի վարչապետի հայտարարություններից
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն արած հայտարարությունները։
Հաջիզադեն դատապարտել է Ադրբեջանին ուղղված պահանջներն ու Հայաստանի հետ կապված հայտարարությունները։ «Ֆրանսիայի վարչապետին, որը դատապարտել է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում» տեղակայված «հայկական զինված ուժերի մնացորդների» դեմ ձեռնարկված «հակաահաբեկչական միջոցառումները» և Ադրբեջանին մեղադրել հայկական տարածքների օկուպացիայի մեջ, հիշեցնում ենք, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած միջոցառումները «չեն խախտում» միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դրույթները, որի մշտական անդամ է Ֆրանսիան, «լիովին համահունչ են» հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող բանաձևերին»,- ասել է Հաջիզադեն։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին՝ դասեր քաղել իր պատմությունից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել նման սադրիչ հայտարարությունները»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ Գաբրիել Աթալն իր ելույթում Ադրբեջանից պահանջել էր դուրս բերել զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից։