21/03/2024 16:19
Կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Փարաջանովի և Խաչատրյանի հոբելյաններին. հայտնի են հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ 2023-2024 ուսումնական տարում իրականացրել են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին:
Մրցույթն անցկացվել է ՀՀ դպրոցների և արտերկրի հայկական ու հայկական բաղադրիչով կրթօջախների շրջանում: Մրցույթում 27 ֆիլմ է ընդգրկվել Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Եգիպտոսից և Թեհրանից:
Մրցույթի նպատակն էր նպաստել աշակերտների՝ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Փարաջանովի մասին գիտելիքների ընդլայնմանը, սփյուռքում ազգային կրթության շուրջ համախմբմանը, ստեղծագործական ոգու զարգացմանը:
Մասնակից կրթօջախներից ակնկալվում էր ձևավորել ուսուցիչների ղեկավարությամբ ստեղծագործական աշակերտական խմբեր, որոնք կարող են ունենալ խառը տարիքային կազմ և ընդգրկել տարբեր դասարանների աշակերտներին, իրականացնել Արամ Խաչատրյանին կամ Սերգեյ Փարաջանովին նվիրված նախնական հետազոտական, ուսումնական, ստեղծագործական և այլ բնույթի աշխատանք երեխաների հետ (օրինակ՝ ուսումնասիրել կենսագրությունը, ճանաչել և մեկնաբանել ստեղծագործությունները և այլն), գրել ֆիլմի սցենար և նկարահանել այն: Կախված կատարած հետազոտական աշխատանքից՝ ֆիլմը կարող էր լինել ցանկացած անվանակարգի (վավերագրական, խաղարկային և անիմացիոն):
Մրցույթի արդյունքներն ամփոփելու համար ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով: Բոլոր մասնակից կրթօջախները կստանան մասնակցության վկայականներ, իսկ լավագույն 4 ֆիլմերի հեղինակները՝ պատվոգրեր: Լավագույն ֆիլմեր են համարվել՝
«Պուպրիկները» - Գալուստեան-Նուպարեան ազգային վարժարան, Կահիրե,
«Փրկենք արժեքները, որ արժեքներն էլ մեզ փրկեն» - «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի Մենուա Հովհաննիսյանի անվան դպրոց, Երևան,
«Արվեստի երանգները» - «Երևակ» կրթահամալիր, Երևան,
«Ծաղիկներ նկարող խելագար ծերուկ» - Ն. Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոց, Երևան: