21/03/2024 21:53
Միրզոյանն Ուրուգվայի Սենատում քննարկել է Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշումը
Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Մարտի 21-ին Մոնտեվիդեոյում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որին մասնակցել են հանձնաժողովի նախագահ Խոսե Կառլոս Մահյանը, հանձնաժողովի՝ տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող անդամներ, ինչպես նաև Հայաստան-Ուրուգվայ խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։
Անդրադառնալով Հայաստանի և Ուրուգվայի միջև երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են երկար պատմություն ունեցող բարեկամական կապերի հետագա խորացման հարցում երկուստեք առկա մեծ պատրաստակամությունը։ Այս համատեքստում ընդգծվել է Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Երկուստեք գոհունակությամբ նշվել է Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքի դերը, որը, չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը, Ուրուգվայի հասարակության մեջ ունեցած իր տեղով յուրովի կերպով լրացնում է առկա ամուր պատմամշակութային կապերը։
Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով, որ ժողովրդավարական սկզբունքներին հավատարմությունը միտված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը, այլ նաև համախոհ երկրների, այդ թվում՝ Ուրուգվայի հետ հարաբերությունների սերտացմանը։
Անդրադառնալով տարածաշրջանային թեմաներին՝ նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև կայունության հաստատմանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պայմանագրի նախագծում այս պահին առկա հիմնական հարցերը, որոնց հանգուցալումը հայկական կողմը տեսնում է հանրաճանաչ սկզբունքներին՝ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության նկատմամբ հստակ հանձնառության միջոցով։
Հարավային Կովկասի զարգացման և լոգիստիկ առավելությունների լավագույնս օգտագործման համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:
Նախարար Միրզոյանը, անդրադառնալով Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում միջազգային հանրության կողմից հասցեական ուղերձներին, հավելել է. «Ես այստեղ եմ նաև մեր երախտիքը հայտնելու տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ ձեր արտահայտած սկզբունքային դիրքորոշումների համար»:
ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 150 հազար հայ բնակչության կարիքների հասցեագրմանն ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը։
Արարատ Միրզոյանը պատասխանել է Ուրուգվայի խորհրդարանականներին հետաքրքրող այլ հարցերի»։