21/03/2024 12:36
Սեյրան Օհանյանը ժողովրդական լայն համախմբման կոչ արեց
Այսօր մեծ գլոբալ վերագնահատում է կատարվում, դրանից բխող գործիքակազմն ամբողջությամբ օգատգործելու ենք և ԱԺ-ում, և ԱԺ-ից դուրս. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արձանագրելով սպառնալիքները, այն կանխելու համար ի՞նչ է անում ընդդիմությունը։
«ԱԺ-ից դուրս երկու ուղղությամբ է մեր գործունեությունը իրականացվելու՝ առաջին հերթին աշխատանք մեր համակիրների հետ, քաղաքացիների հետ, համայնքներում, հատկապես սահմանային համայնքներում, նաև ըստ անհրաժեշտության փողոցային գործողություններ»,-ասաց Օհանյանը։
Պատգամավորը պնդեց, որ այս իշխանությունն այլևս ոչ լեգիտիմ է, քանի որ եկել է խաղաղության օրակարգով, սակայն մշտապես Ադրբեջանից սպառնալիքներ է ստանում։
«Նրանց հեռացնելու պայմաններից մեկը ԱԺ-ից դուրս ժողովրդական լայն համախմբումն է և կոչ կանեի՝ ընդդիմադիր ամբողջ հատվածը, բոլոր քաղաքական ուժերը գտնեն համագործակցության եզրեր, ճիշտ գնահատեն ստեղծված իրավիճակը և իրենց գործունեությունը շարունակեն»,-ասաց նա։