21/03/2024 12:17
Քարտեզներն անընդհատ փոփոխվում են. կարող է գետի հուն փոխվի, սարի հետ կապված փոփոխություններ լինեն. Քոչարյան (Տեսանյութ)
Քարտեզների ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել բանակցությունների ընթացքում, քանի որ կան բազմաթիվ քարտեզներ և դրանք էլ անընդհատ փոփոխման կարիք են զգում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացներին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Քանի որ կարող է գետի հուն փոխվի, սարի հետ կապված փոփոխություններ լինեն, հանքարդյունաբերությունը փոխում է բնական ներկայացվածությունը նաև թղթի վրա, այսինքն՝ քարտեզը միշտ փոփոխվում է։ Հիմա պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում հատվածական։
Այս ընթացքում այնքան քարտեզի թեման չի շահարկվում, որքան այն, թե Հայաստանն իր տարածքն է զիջում։ Հայաստանը զիջելու ոչինչ չունի։ Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ այն, ինչը մերն է՝ մերն է, բայց դա պետք է արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Դա պետք է ընդունի նաև հակառակ կողմը»։
Քոչարյանը շեշտեց՝ հիմա շատ է շահարկվում, թե այս լուծումներին մենք գնում ենք միակողմանի.«Բացարձակ, միակողմանի չի կարող լինել։ Մենք դեռ անցնելիք ճանապարհ ունենք՝ պարզելու, թե որն է մերը, որը՝ իրենցը»։