21/03/2024 12:44
Մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է ռազմական ուժ կիրառել՝ Ռուսաստանի կողմից աջակցվող Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը պարտադրելու համար. Ջեսիկա Մորդըն
Միացյալ Թագավորության խորհրդարանի պատագամավոր, Լեյբորիստական կուսակցության անդամ Ջեսիկա Մորդընի համար ցավալի է տեսնել այն, ինչ իրականացվել է հայերի նկատմամբ:
«Մեզ բազմիցս զգուշացրել են, խիստ բառերով, որ քանի դեռ աշխարհի աչքը այլ տեղ է, Ադրբեջանը վերահսկողության տակ է առնելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Ռուսաստանը կկանգնի նրա կողքին: Եվ դա հենց այն էր, ինչ տեղի ունեցավ իննամսյա շրջափակումից հետո, որը նախատեսված էր էթնիկ հայ բնակչությանը դաժան եղանակով դուրս մղելու համար, որը Եվրախորհրդարանը որակեց որպես էթնիկ զտում: Ահա թե ինչու հիմա պետք է ականջալուր լինենք նրանց զգուշացումներին, ում հանդիպեցինք Երևանում ընդամենը մի քանի շաբաթ առաջ, ովքեր մեզ ասացին, որ էսկալացիայի վտանգը միշտ առկա է։ Իրականում չորս հայ զինվոր է զոհվել այնտեղ մեր այցելության ժամանակ։ Խոսքս 30 գյուղերի նկատմամբ ոտնձգության մասին է, միջադեպերը սահմանին և այն մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է ռազմական ուժ կիրառել՝ Ռուսաստանի կողմից աջակցվող Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը պարտադրելու համար՝ Հայաստանին որպես «արևմտյան Ադրբեջան» հիշատակելով: Դա փխրուն զինադադար է։ Հուսով եմ՝ նախարարը կընդունի այդ մտավախությունները և կանի ամեն ինչ՝ իր ունեցած լծակներով և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններով՝ բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ ասել է նա։
Նա նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մեծ մասը հայտնվել է Հայաստանում, թեև մի մասը Ռուսաստանում և Եվրոպայում է։
«Մենք խոսում ենք ավելի քան 100,000 փախստականների մասին՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության մասին, բայց մենք պետք է հիշենք նաև 40,000 տեղահանվածների մասին 2020 թվականի հակամարտությունում: Հայաստանի բնակչության յուրաքանչյուր 30-րդն այժմ Լեռնային Ղարաբաղից է։ Թեև Հայաստանի կառավարությունը փորձել է ամեն ինչ անել նրանց ինտեգրելու համար, սակայն երկարաժամկետ առումով աջակցություն է հարկավոր։
Ես երբեք չեմ մոռանա այն փախստականներին, որոնց հանդիպեցինք Ջերմուկում։ Մենք նրանց խոստացել ենք, որ ձայն կտանք, և դա անում ենք այսօր։ Նրանք ենթարկվել են իննամսյա շրջափակման՝ չունենալով սնունդ, դեղորայք, էներգիա և վառելիք՝ շրջապատված և խիստ մեկուսացված: Մենք լսեցինք բեկորներից զոհվածների և վիրավորների, երեք օր ոտքով Հայաստան գնալու հարկադրվածների մասին, քանի որ վառելիքը միայն ուռճացված գներով էր վաճառվում, եթե կարող էին ստանալ, և նրանց մասին, ովքեր մահացան այդ ճանապարհին: Մենք լսեցինք զեկույցներ ռուս խաղաղապահների մասին, որոնք ուռճացված գներով սնունդ էին վաճառում՝ շահագործելով մարդկային թշվառությունը:
Միջազգային մարդասիրական օգնություն է եկել, բայց ավելին է պետք։ 60 միջազգային և տեղական կազմակերպություններ օգնել են, Հայաստանը վարկ է վերցրել Համաշխարհային բանկից։ Սփյուռքը, ներառյալ հարավային Ուելսի համայնքը, նույնպես օգնել է, բայց երկարաժամկետ ինտեգրումը կպահանջի ավելին, որտեղ առաջնահերթություն է բնակարանն ու զբաղվածությունը»,- ասել է պատգամավորը։
Մորդընի խոսքով՝ դիվանագիտական բանակցություններին կից առաջնահերթություն պետք է տրվի հումանիտար խնդիրների լուծմանը։
«Ուստի լավ կլիներ նախարարից լսել, թե ավելին ինչ կարող է անել Միացյալ Թագավորության կառավարությունն իր միջազգային գործընկերների հետ՝ փախստականների ծանր վիճակին և խնդրի մասշտաբներին անդրադառնալու համար: Մենք արդեն խոսել ենք 1 միլիոն ֆունտ ստեռլինգ տրամադրվող օգնության մասին և ինչպես պետք է այն ավելացնել։ Կարո՞ղ է նախարարը նաև բացատրել, թե ինչ գիտի ՄԱԿ արձագանքման ծրագրի մասին: Ընդհանրապես, նախարարը կարո՞ղ է բացատրել, թե ինչ խոսակցություններ է վարում կառավարությունը Ադրբեջանի կառավարության հետ՝ կապված նրանց վերադարձի իրավունքի հետ»,- նշել է նա։