21/03/2024 14:22
Կառավարությունը կներդնի էլեկտրոնային հարթակ, որը կնպաստի շրջանառության հարկի համակարգում ստվերի կրճատմանը
Կառավարությունը սահմանել է Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ.
1) հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերը (ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթ) դուրս են գրվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ապրանքի, այդ թվում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման կամ ֆիզիկական անձի կողմից կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում գույքի ներդրման դեպքերում,
2) ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը դուրս են գրվում ձեռքբերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) միջոցով` էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ նախատեսվում է, որ էլեկտրոնային եղանակով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը կարող են ապրանքներ մատակարարող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին տրամադրվել թղթային տարբերակով,
3) ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթում պարտադիր ներառվում են փաստաթղթի սերիա համարը, դուրսգրման և ապրանքի մատակարարման ամսաթվերը, ապրանքի անվանացանկն ու քանակը, ապրանքի միավորի գինը, ընդհանուր արժեքը, ապրանք մատակարարող ֆիզիկական անձի, ինչպես նաև ապրանք ձեռք բերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տվյալները,
4) էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում: Ընդ որում, հաշվառվում են դուրս գրված բոլոր փաստաթղթերը, այդ թվում սխալ տվյալներով լրացված և դրա փոխարեն ճշտված տվյալներով լրացված փաստաթղթերը:
Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից: «Կկարգավորենք և կներդնենք էլեկտրոնային հարթակ, որտեղ ֆիզիկական անձանցից ձեռքբերումները կլինի հաշվառել էլեկտրոնային եղանակով, և հետագա հարկային հսկողության շրջանակում հարկ վճարողները հնարավորություն կունենան իրենց ձեռքբերումները հիմնավորել այս էլեկտրոնային համակարգի միջոցով: Այն կնպաստի շրջանառության հարկի համակարգում ստվերի կրճատմանը»,-ասել է Ռուստամ Բադասյանը: