21/03/2024 12:42
Փորձագետի շորեր հագած ինչ-որ մարդիկ նախկին վարչապետի գլխավորությամբ՝ կանգնել էին սարի փեշին ու խոսում էին Հայաստանի կործանումից. Քոչարյան
Երեկ փորձագետի շորեր հագած ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները նախկին վարչապետի գլխավորությամբ՝ գնացել, կանգնել էին ինչ-որ սարի փեշին և խոսում էին Հայաստանի կործանումից, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորի խոսքով՝ եթե նրանք մտահոգված են մեր սահմանների անառիկությամբ, ապա պետք է իրենց անձնական ներդրումն անեն մեր երկրի անվտանգային համակարգն ուժեղացնելու և անխոցելի դարձնելու հարցում.«Այլ ոչ թե վախեր տարածել, հնչեցնել բաներ, որոնք գոյություն չունեն։ Թուլացնելով իշխանության քայլերը ինչի՞ եք ձգտում»։
Քոչարյանը վստահ է, որ հատվածական մոտեցումներով կարելի է գնալ խնդրի վերջնական լուծմանը։
Հարցին՝ եթե միակողմանի չեն զիջումները, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում իր զորքերը դուրս հանել ՀՀ տարածքից՝ պատգամավորը նշեց.«Առայժմ է հրաժարվում։ Պետք է գնալ լուծումների, որպեսզի Ադրբեջանը չհրաժարվի։ Այդ հարցի շուրջ պետք է լիակատար կոնսենսուս ունենանք։ Պետության խնդիրն է անվտանգային միջավայր ստեղծել հարևան երկրների հետ»։