22/03/2024 15:00
Տիխանովսկայայի հետ պաշտոնական հանդիպում չի եղել. քննարկել են միայն Տիխանովսկայայի անդրադարձը Հայաստանին. ԱԺ նախագահի խոսնակ
Պաշտոնական հանդիպում Տիխանովսկայայի հետ չի եղել: Միջանցքում տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում քննարկվել է Տիխանովսկայայի վեհաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթի անդրադարձը Հայաստանի Հանրապետության իրավիճակին: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանը դրական կերպով ներկայացնելու համար և, օգտվելով առիթից, նա ներկայացրել է նաև տարածաշրջանում առկա իրավիճակը և դրա կապը աշխարհքաղաքական այլ իրադարձությունների հետ: Ինչ վերաբերում է Յարոսլավ Նովիկովին քաղաքական ապաստարան տալուն կամ առհասարակ այդ հարցի քննարկմանը՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ընդհանրապես չի քննարկվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելի Ղուլյանը։
Հիշեցնենք՝ Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Նշվել էր, որ հանդիպման ժամանակ քննարկվել է բելառուսցի Յարոսլավ Նովիկովի հարցը, որը մարտի 17-ին կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Նովիկովը քաղաքական ապաստան է ստանալու երկրում։
Նելլի Ղուլյանը նշեց, որ նման բան չի քննարկվել։