22/03/2024 23:07
Դա խուլիգանություն չի կարող որակվել․ փաստաբանը՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին առաջադրված մեղադրանքի մասին
Խնդիրը միայն անձանցով չէ պայմանավորված, այլ կիրառվող գործիքներով, խուլիգանության հանցակազմն այսօր դարձել է աննորմալ մի երևույթ, «Իմնեմնիմի» փոդքոսթի արտակարգ թողարկման ժամանակ, անդրադառնալով հաղորդման հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին առաջադրված մեղադրանքներին, ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Նրա խոսքով՝ սպասելի էր, որ մի օր կարող էր նման գործընթաց լինել, քանի որ ոստիկանության ու քննչական մարմինների գործելաոճը սրան էր տանում. «Կամաց-կամաց, իրենց սահմաններն ընդլայնելով, նման վարույթներով մի օր հասնելու էին սրան: Նարեկի ու Վազգենի գործով երկու կոմպոնենտ կա. մեկը՝ թե ինչի համար են անում և երկրորդը, թե ոնց են անում: Եթե նրանց խոսքերը նույնիսկ վիրավորանք են պարունակում, դրանք ակնհայտորեն խուլիգանություն չեն կարող որակվել: Իսկ թե ինչպես են այդ ամենն իրականացնում, մենք Նարեկ Սամսոնյանի դեպքում տեսանք, որ հին մեթոդները վերականգնել են, ավելի կատարելագործել են՝ բռնություն գործադրելով»:
Խուդոյանը նշեց, որ որպես իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, այսօր հաղորդում է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունն իրականացրած ոստիկանների մասով:
«Ոստիկանության մասին օրենքը շատ հստակ նախատեսում է այն դեպքերը, երբ ոստիկանը կարող է ֆիզիկական ուժ կիրառել՝ դա բերման ենթարկելու վտանգն է, երբ փորձում է փախուստի դիմել, դիմադրել,կամ այնպիսի անձ է, որը կարող է վտանգ ներկայացնել ոստիկանների և մարդկանց նկատմամբ: Շատ հատկանշական է, երբ Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից հետո սոցցանցերում աղմուկ բարձրացավ, Վազգեն Սաղաթելյանի մասով արդեն տեսնում ենք մի քիչ օրիկանականությանը մոտեցված գործընթաց»,-ավելացրեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ դատարանը Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վճիռ հրապարակեց, իսկ Վազգեն Սաղաթելյանի գործով որոշում կկայանցնի քիչ հետ:
Նշենք նաև, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին: