22/03/2024 09:48
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են ինտենսիվ հանդիպումներ սկսել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ՔՊ-ականները մտադիր են ինտենսիվ հանդիպումներ սկսել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, մեղմել նրանց զայրույթը:
Ինչպես հայտնի է, երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամկոչյանը և Դավիթ Խաչատրյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներին փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի հերթական հրահանգը, այն է՝ պարբերաբար փակ հանդիպումներ անցկացնել բռնի տեղահանված արցախցիների հետ, զրուցել նրանց հետ:
Այսպիսով, ՔՊ-ականները Երեւանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև մարզերում ինտենսիվորեն հանդիպումներ կունենան բռնի տեղահանված արցախցիների հետ:
Թե իրենց իշխանության օրոք իրենց տներից ու սեփականություններից զրկված արցախցիների հետ ինչ պետք է խոսեն ՔՊ-ականները, դժվար է ասել: Հրահանգը, սակայն, կա և պիտի իրագործվի»։