22/03/2024 22:31
Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ է հանդիպել․ քննարկել են «խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը»
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշված է․
«Հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ:
Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը:
Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:
Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ»: