23/03/2024 22:35
Ինչպե՞ս օրգանիզմը մաքրել տոքսիններից՝ գարնանը
Գարնանը մեր օրգանիզմը ձմեռվա ընթացքում կուտակված տոքսիններից մաքրվելու կարիք ունի, այս հարցում առաջին օգնականներն են ջուրն ու խոտաբույսերը։
Օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու համար անհրաժեշտ է շատ ջուր ու հեղուկ օգտագործել։
Օրգանիզմը մաքրելու և աղեստամոքսային համակարգի աշխատանքը բարելավելու արդյունավետ միջոց է համարվում նախաճաշից առաջ մեկ բաժակ տաքացրած, գազազրկված հանքային ջուր ըմպելը։ Մեկ այլ արդյունավետ միջոց է մեկ բաժակ եռացրած ջրին մեկ գդալ խնձորի քացախ խառնելն ու խմելը։
Սննդաբանները նշում են, որ խնձորի քացախը ոչ միայն մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից ու խթանում է ճարպերի այրման գործընթացը, այլև վերականգնում է աղիքների միկրոֆլորան, թարմացնում է օրգանիզմը։
Օրգանիզմը մաքրելու համար խորհուրդ է տրվում օրական 2-2,5 լիտր հեղուկ օգտագործել։ Շատ օգտակար են նաև կիսելները, չրերից պատրաստվող կոմպոտները, մրգից ու բանջարեղենից պատրաստվող կոկտեյլները։ Այս բոլոր ըմպելիքները մաքրում են երիկամներն ու աղիները, դուրս են բերում վնասակար նյութերն օրգանիզմից։
Չպետք է մոռանալ կանաչ թեյի մասին, այն հակաբորբոքային հատկություն ունի, ինչպես նաև ուժեղ միզամուղ է։
Խոտաբույսերով պատրաստված թեյերն անփոխարինելի են օրգանիզմը մաքրելու գործընթացում։ Արդյունավետ են հատկապես խատուտիկի, եղինջի տերևների, կեչու տերևների թուրմերը։
Օրգանիզմը մաքրում են նաև մորու, հաղարջի տերևներից, երեքնուկից, կատվալեզվից (череда), հիպերիկից (зверобой), ձիաձետից (хвощ) պատրաստված թուրմով, որը խմում են 20 օր շարունակ։ Խառը խոտաբույսերով թուրմեր ու թեյեր օգտագործելուց առաջ, սակայն, հարկավոր է հաշվի առնել դրանց ազդեցությունը արյան ճնշման վրա, ինչպես նաև մարդու առողջական ընդհանուր վիճակը, քանի որ որոշ դեղաբույսեր որոշակի հիվանդությունների դեպքում կարող են հակացուցված լինել։
Օրգանիզմից ծանր մետաղներն ու ռադիոնուկլիդները արդյունավետորեն դուրս են բերում թարմ քամած հյութերը, կտավատի սերմերի թուրմը, կանաչ թեյը, մայրու ընկույզը։
Օրգանիզմից կապարի աղերը լավ դուրս են բերում սխտորն ու ձիաձետը, պեստիցիդները՝ եգիպտացորենը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն