23/03/2024 20:23
Փաշինյանի հեռացման համար առկա են բոլոր օբյեկտիվ հիմքերը․ Այս կռիվը գոյաբանական է, լայն համազգային մոբիլիզացիա է պետք․ Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
Աղաս Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.
«Պարոն Աշոտյան, հասկանալի է, Դուք փակի տակ եք, բայց ընդդիմությունն ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում, մեկնաբանեք, խնդրում եմ»։
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է.
«Նիկոլի վարկանիշն ամիս-ամիս պատմական հակառեկորդներ է գրանցում, և նրա հեռացման համար առկա են բոլոր օբյեկտիվ հիմքերը։ Պատկերավոր ասած՝ ժողովուրդը Նիկոլին չի ուզում, բայց չգիտի՝ ում ուզել։
Խորհրդարանական ընդդիմության առկա ռեսուրսը, գործիքակազմը, օրակարգը հասել են իրենց մաքսիմումին։ Ակնհայտ է, որ նոր «շարժիչի» կարիք կա, որը կավելացնի ընդդիմության հզորությունը և նոր թափ կհաղորդի պայքարին։ Պետք է նաև հիշել, որ այս կռիվը քաղաքական չէ, այլ քաղաքակրթական է, գոյաբանական է, ուստի քաղաքական պայքարի ավանդական մեթոդներից և մասնակիցներից զատ՝ կենսական հրամայական է՝ ընդլայնել շրջանակը։ Ընդդիմությանն ընկալեք՝ որպես գվարդիա, բայց գվարդիան միայնակ այստեղ և հիմա Հայաստանում իշխանափոխության խնդիրը լուծել չի կարող և կարիք ունի առավել լայն համազգային մոբիլիզացիայի»։