23/03/2024 00:03
Միգուցե միջազգային կառույցները սթափվե՞ն, հասկանա՞ն, որ այս իշխանությունից հետո էլ կյանք կա․ Կարեն Բեքարյան (Տեսանյութ)
Հերթական թատրոնի հերթական դրվագն է, Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ձերբակալելու՝ իշխանության դրդապատճառներին անդրադառնալով՝ ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ լրագրողների հետ զրույցում։
«Սեփական ժողովրդի հոգեբանական ահաբեկումը այս իշխանության ձեռագիրն է՝ բոլոր հարթություններում․ այս տիպի էպիզոդներից սկսած, վերջացրած մասսայական, համընդհանուր ահաբեկմամբ՝ ահաբեկում պատերազմով, ահաբեկում պարտությամբ, որ ժողովուրդը հանկարծ չմտածի, որ ինքն ունի դիմադրողականություն, արժանապատվություն։ Արժանապատվության ոտնահարման դրվագներն են սրանք բոլորը և ամենածանրն ու ամենացավալին են»,- նշեց Կաարեն Բեքարյանը։
Նա ուշադրություն հրավիրեց նաև Հայաստանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ միջազգային կառույցների, դեսպանատների լռությանը, ինչը իշխանությունների կողմից կարող է որպես իրենց գործողությունների խրախուսում ընկալվել։
«Եթե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարող է Երևան գալ ու վարչապետին ասել՝ հիացած եմ ձեր առաջնորդությամբ, եթե դա խրախուսում չի այս ամենին, ապա ի՞նչ է»,- ասաց Կարեն Բեքարյանը։
«Այս իշխանությունից հետո էլ կյանք կա»,- ընդգծեց քաղաքական վերլուծաբանը՝ տարակուսանք հայտնելով՝ ինչպե՞ս են ռեպրեսիաների պայմաններում քար լռություն պահպանող միջազգային կառույցները վաղը հարաբերվելու հայ հանրության հետ․
«Նույն միջազգային կառույցները որքանով որ դիտում են, որքանով որ այս կարծիքները լսում են, միգուցե սթափվե՞ն, միգուցե հասկանա՞ն, որ այս իշխանությունից հետո էլ կյանք կա և պետք է հարաբերություններ ունենալ այս երկրի հետ, ժողովրդի, հանրության հետ։ Ո՞նց են պատկերացնում, ո՞նց է դա լինելու, ո՞նց է այս բիծն անհետանալու, մոռացվելու»։