23/03/2024 01:10
Ըստ Քննչական կոմիտեի՝ Նարեկի ու Վազգենի հնչեցրած հայհոյանքները մարդկանց անդորրը խանգարել են. Մելիքյան
Այս հաղորդումը «տապոռային» ձևով լռեցնելու փորձը դատապարտված է և այն շարունակվելու է: Հեռու չէ այն օրը, երբ հաղորդման հեղինակները կգան և իրենց աթոռները կզբաղեցնեն , «Իմնեմնիմի» փոդքասթի արտակարգ թողարկման ժամանակ անդրադառնալով հաղորդման հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին առաջադրված մեղադրանքներին՝ ասաց Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությանը, Մելիքյանը նշեց՝ այնպիսի տպավորություն է, որ այն ոչ թե ՀՀ քննչական կոմիտեինն է, այլ ՔՊ-ի հայտարարությունն է. «Այս պահի դրությամբ դեռևս համարվում ենք ժողովրդավարական երկիր և բազմիցս այդ ստանդարտները մեջբերում ենք, քաղաքական խոսքը ամենաբարձր պաշտպանության է ենթակա: Այստեղ մենք ունենք շատ կոնկրետ իրավիճակ, որը վերաբերում է քաղաքական հարցի քննարկման ժամանակ կոշտ քննադատական խոսքի։ Այստեղ խուլիգանության մասին խոսք լինել չի կարող: Այսօր իրենք վերակենդանացրել են ծանր վիրավորանքի հոդվածը: Այդ հանցակազմի կիրառման դեպքում օրենքի պահանջ կա՝ մարդկանց անդորրը խանգարելը: Ըստ Քննչական կոմիտեի՝ Նարեկի ու Վազգենի հնեչեցրած հայհոյանքները մարդկանց անդորրը խանգարել են»:
Հիշեցնենք, որ դատարանը Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վճիռ կայացրեց, իսկ Վազգեն Սաղաթելյանի կանալքի միջնորդությունն այս պահին քննվում է։
Նշենք նաև, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ «նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին»: