23/03/2024 20:06
Փաշինյանի գործունեությունն ապօրինի է, իսկ տավուշցիների ժողովրդական ընդվզումը, իրավունքների պաշտպանությունը՝ օրինական․ Սեյրան Օհանյան
«Ես երեկ եղել եմ Ոսկեպարում, հանդիպել եմ Ոսկեպարի մեր հայրենակիցների հետ: Բավականին բարդ վիճակ է, վրդովված է ժողովուրդը: Վրդովված է ոչ թե նրանից, որ թշնամի կա դիմացը, այլ վրդովված է նրանից, որ երկրի ղեկավարությունը գալիս է սահման և փոխանակ ոգևորի, համապատասխան պայմաններ ստեղծի՝ երկրի անվտանգությունը ամրապնդելու համար, համայնքները հանձնելու պատրվակով՝ վախեցնում է պատերազմով»,- Հրազդանի բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա շեշտել է՝ եթե խոսքը գնում է սահմանների ճշգրտման մասին, ապա այդ սահմանները ճշգրտելիս առաջինը Փաշինյանը պետք է հաշվի առնի, որ հակառակորդը մեր տարածքում է գտնվում։
«Հակառակորդը մեր տարածքում է գտնվում, կառավարության ղեկավարն ասում է, որ որևիցե մի քարտեզի շուրջ պայմանավորվածության չեն եկել և քարտեզի վրա չեն աշխատել, ու հետո, այդ ամենը հաշվի չառնելով, շրջանցելով՝ գնում, գյուղացիներին սպառնում է՝ եթե դուրս չգաք, մեկ շաբաթ, 10 օր, մեկ ամիս՝ հակառակորդը կարող է հարձակվել։
Ես ոսկեպարցիներին ու հարևան գյուղերի բնակիչներին ասել եմ հետևյալը՝ նրա գործունեությունն ապօրինի է, իսկ ձեր ժողովրդական ընդվզումը, ձեր իրավունքների պաշտպանությունը, քաղաքացիական պահվածքը՝ օրինական․ սահմանադրական ձեր իրավունքն է»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը։