23/03/2024 17:51
52-ամյա կինն ու նրա 29-ամյա որդին տարբեր անձանցից ստացել են անձնագրային, բանկային քարտերի տվյալներ և առանց նրանց գիտության ձևակերպել վարկեր ու յուրացրել գումարը
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է մոր և որդու կողմի խարդախություն կատարելու բազմադրվագ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել է խարդախության կատարման մեխանիզմը, ինչպես նաև՝ տուժողների շրջանակը և վերջիններիս հասցված նյութական վնասի չափը:
Քրեական վարույթով ձեռնարկված ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզի 52-ամյա բնակչուհին, ով իր հանցավոր գործունեությանը ներգրավել է նաև իր 29-ամյա որդուն, 2019-2020թթ. ընթացքում իրենց ծանոթներից և բարեկամներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Մասնավորապես, մայր ու որդի, չարաշահելով իրենց առանձին ծանոթների, բարեկամների, գործընկերների վստահությունը, տարբեր պատճառաբանություններով ու պատրվակներով նրանցից ստացել են անձնագրային, բանկային քարտի տվյալները և առանց նրանց գիտության և համաձայնության օգտագործելով դրանք՝ մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում նրանց անվամբ առցանց եղանակով ձևակերպել են վարկեր՝ 40 հազարից մինչև 500․000 ՀՀ դրամի չափերով, որից հետո, բանկոմատներում կանխիկացնելով գումարները, խաբեությամբ յուրացրել են դրանք:
Քննության տվյալներով՝ վերջիններիս գործողություններից տուժել է ընդհանուր առմամբ 9 քաղաքացի, որոնց պատճառված ընդհանուր վնասը կազմել է 3․000.090 հազար ՀՀ դրամ:
Նշենք, որ դեռևս 2021թ. դեկտեմբերին նույն անձանց կողմից խմբի կազմում խարդախություն կատարելու ևս 9 դրվագով մեկ այլ գործ ուղարկվել է դատարան:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ 4 դրվագ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասին, իսկ վերջինիս մորը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 6 դրվագ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: