25/03/2024 15:35
ՀՀ-ն իր պաշտոնական ռազմավարությամբ անվերջ զիջումների շարք է նախապատրաստում, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխանության. «Մարտական եղբայրություն»
Տավուշի գյուղերը շատ կարևոր են, բայց սա խնդրի մի մասն է. հրավիրված ասուլիսին հայտարարեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Ըստ նրա՝ ի սկզբանե իրենց գնահատականն այն է եղել, որ իրականում պատերազմը ՀՀ-ի դեմ շարունակվում է։
«Ոչ թե հիմա ենք հանկարծ զարթնել ու երկու, երեք գյուղերի խնդիր ենք դնում, այլ ընդհանրապես, այն քաղաքական ռազմավարությունը, որն այսօր ՀՀ պաշտոնական ռազմավարությունն է, որ մենք, իբր, գնում ենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում, և, իբր, ևս մեկ փոքրիկ զիջում՝ հեսա պայմանագիրը կստորագրվի՝ ինքը իր հիմքում սխալ է»,-ասաց նա։
Ըստ նրա, երեք տարին բավականաչափ ժամանակ էր, որպեսզի ՊՆ ոլորտը բարեփոխվեր, որ պետության ղեկավարը չգնար գյուղացիների հետ հանդիպման և ասեր, որ պետությունն ի վիճակի չէ ձեզ պաշտպանելու։
«Դրանով ՀՀ-ի անվերջ զիջումների շարք ես նախապատրաստում, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխանության»,-ասաց նա և նշեց, որ եթե ի սկզբանե պայքարի գաղափարը չի դրվում՝ անխուսափելիորեն հասնում ես այս վիճակին։