25/03/2024 16:31
Նոր տեխնոլոգիաների հետևից ենք գնում. ոչ մի պետություն չի կարող մեզանից շատ մտածել մեր երկրի անվտանգության մասին. Ատոմակայանի տնօրեն (Տեսանյութ)
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը վստահեցնում է` ատոմակայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի է:
«Ատոմակայանի աշխատանքը կարող է դադարեցնել այն պետությունը, որի սեփականությունն է հանդիսանում դա, մեր ատոմակայանի 100 տոկոս բաժնետերը հանդիսանում է Հայաստանը, ու այլ պետություններ, ինչ-ինչ նպատակներից ելնելով, կարող են հայտնել կարծիք, բայց ասեմ, որ այդ կարծքիները պետք է հիմնավորող փաստաթղթերով լինեն»,- Սոչիում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը, հայտնում է Aysor.am-ի թղթակիցը:
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն ամբողջապես հատկացնում է այն միջոցները, որն անհրաժեշտ է ատոմակայանի անվտանգությունը բարձրացնելու համար:
Մարտիրոսյանը չի կարծում, որ Թուրքիան կարող է բարձրացնել Հայաստանի ատոմակայանի «վտանգավոր» լինելու մասին հարց:
«Մեր կայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի վրա է, ու ՀՀ կառավարության կողմից հատկացվող միջոցները լիովին բավարար են եղել, անգամ գերազանցել են այն չափորոշիչները` մոդերնիզացնելու նաև այն անվտանգային համակարգերը, որոնք կան: Մենք արդեն նոր տեխնոլոգիաների հետևից ենք գնում, որ ապահովենք մեր կայանի անվտանգությունը, ոչ մի պետություն չի կարող մեզանից շատ մտածել մեր երկրի անվտանգության համար»,- ընդգծեց Ատոմակայանի տնօրենը: