25/03/2024 18:39
«Անվտանգությունն ամենաբարձր առաջնահերթությունն է». «Ռուսատոմ-սերվիս»-ի գլխավոր տնօրենի արձագանքը՝ Հայաստանի ատոմակայանի վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին
Բոլոր աշխատանքների հիմքում անվտանգությունն ամենաբարձր առաջնահերթությունն է, «Ատոմէքսպո-2024» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ռուսատոմ- սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքներին, թե Հայաստանի ատոմակայանը «վտանգ է ներկայացնում», Սոչիից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը։
«Շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման շրջանակներում իրականացվող բոլոր աշխատանքները ուղղված են ատոմակայանի անվտանգության և արդյունավետ շահագործման ապահովմանը։ Բոլոր գիտական կազմակերպություններն ու կարգավորող մարմինները վերահսկելու են դա»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել էին Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։
Կոչ էին արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, ինչպես իրենք էին բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։