25/03/2024 17:28
Նոր ատոմակայանը պետք է լինի ոչ թե 10 կամ 20 տարվա համար, այլ պետք է ունենա մինչև 100 տարվա աշխատանքային ռեսուրս. Էդուարդ Մարտիրոսյան
Հայաստանի համար ամենակարևորն է, որ ստանա ժամանակակից, անվտանգ ու մրցունակ կայան, Սոչիում անցկացվող «Ատոմէքսպո» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը` խոսելով նոր կայանի կառուցման մասին, Սոչիից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը:
«Միջգերատեսչական խումբ կա, որը կարող է գնահատական տալ նոր կառուցվող կայանի թե՛ հզորությունների, թե՛ հետագա խնդիրների վերաբերյալ : Մեծ նախագիծ է, որը պահանջում է բավականին մեծ ուսումնասիրություն թե՛ էներգետիկ հզորությունների առումով, թե՛ տեղանքի: Աշխատանքները տարվում են, մի քանի կազմակերպությունների հետ որոշակի աշխատանքներ ենք տարել, այդ թվում` «Ռոսատոմ»-ի հետ, բայց աշխատանքներ են տարվելու կայաններ կառուցող բոլոր պետություններ հետ»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ Հայաստանի համար ամենակարևորն է, որ ստանա ժամանակակից, անվտանգ ու մրցունակ կայան:
Հայաստանը առաջարկներ է սպասում Կորեայից, Չինաստանից, Ֆրանսիայից:
Ատոմակայանի տնօրենն ասաց, որ նոր կայանը պետք է լինի ոչ թե 10 կամ 20 տարվա համար, այլ` ապագա սերունդների համար` ունենալով մինչև 100 տարվա աշխատանքային ռեսուրս:
«Այս պահի դրությամբ բավականին դժվար է նախանշել այն հզորությունները, որոնք մենք կունենանք 30-40 տարի հետ: Խումբը ձևավորված է, կարծում եմ` աշխատանքային խմբին կհաջողվի հասնել այն արդյունքին, որն ակնկալում ենք»,- ասաց Էդուարդ Մարտիրոսյանը: