25/03/2024 22:21
Գուցե ԳՇ պետը փորձում է այսօրվա մեկնաբանությամբ վաղվա «ստռախովկան» անել, բայց դա նրան չի ազատելու պատասխանատվությունից․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի այսօրվա հայտարարությանը․
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` ի պաշտոնե երկրի թիվ մեկ զինվորականը, ասում է` «մենք հող հանձնող չենք»:
Մնաց հասկանանք, թե «մենք» ասելով՝ կոնկրետ ո՞ւմ նկատի ունի` իրե՞ն, զինվորականների՞ն, թե՞ իշխանությանը:
Իսկ կարո՞ղ է՝ ակնարկում է, որ հող հանձնողը Նիկոլ Փաշինյանն է` փորձելով տարանջատել իրեն ու համազգեստ կրողներին:
Իսկ ինչո՞ւ էր ԳՇ պետը զայրացած խոսում լրագրողների հետ, կարո՞ղ է՝ իրեն էլ չէին բավարարել Փաշինյանի հայտարարություններն ու մտադրությունը` հերթական անգամ գնալու միակողմանի զիջման:
Միգուցե այսօրվա մեկնաբանությունները վաղվա «ստռախովկան» են` ասելու, թե ես չէի ուզում` քաղաքական իշխանությունը հանձնեց:
Համենայն դեպս միանգամից ասեմ, որ բառախաղը, ներքին համոզմունքներն ու մտքում ունեցած անհաշտությունն այսօրվա իրականության հետ նրան երեկ, այսօր կամ վաղը չի ազատելու պատասխանատվությունից:
Ինչ վերաբերում է «հողեր հանձնելուն», ապա դա այս իշխանության մենաշնորհն է դարձել` սկզբում բանակցային գործընթացում զիջեցին, ապա դա իր արտացոլումը ստացավ հողի վրա։ Իսկ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա կրկնեմ` այդ ամենը նրան չի ազատում պատասխանատվությունից»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: