25/03/2024 13:00
ՀՀ-ն կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը:
«Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով»,- ասել է ԱԺ նախագահը:
Նա բարձր է գնահատել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության օրենսդիր մարմինների համագործակցությունը եւ ընդգծել երկու երկրների միջեւ փոխայցելությունների եւ անձնական շփումների դրական դինամիկան:
«Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է, եւ այս առումով ես պետք է շեշտեմ Միացյալ Թագավորության դերն ինստիտուցիոնալ ձեւավորման խթանման եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց սոցիալական խնդիրները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացը:
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը տարածաշրջանում միջազգային իրավունքի պահպանման եւ խթանման հարցում: