25/03/2024 16:36
Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր հեղինակներին ու կազմակերպիչներին պետք է սպանել. Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հեղինակները, իրականացնողներն ու կազմակերպիչները արժանի են մահվան։
«Ինձ հարցնում են՝ ի՞նչ անել։ Նրանց բռնեցին։ Կեցցեն բոլոր նրանց, ովքեր բռնել են: Պե՞տք է նրանց սպանել։ Անհրաժեշտ է. և դա կլինի: Բայց ավելի կարևոր է սպանել բոլոր ներգրավվածներին։ Բոլորին՝ ով վճարել է, ով օգնել է։ Սպանել նրանց բոլորին»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել էր, որ անհայտ անձինք սկսել են կրակել մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուսի» այցելուների վրա։ Քաղաքացիները եկել էին Պիկնիկի համերգին, երբ ահաբեկիչները թիրախային կրակ էին բացել նրանց վրա և այրել շենքը։
Վերջին տվյալներով՝ տուժել է 182 մարդ, 137-ին չի հաջողվել փրկել։ Բոլոր կասկածյալները՝ 32-ամյա Դալերժոն Միրզոևը, 30-ամյա Ռաչաբալիզոդա Սաիդակրամի Մուրոդալին, 25-ամյա Շամսիդին Ֆարիդունին և 19-ամյա Մուհամմադսոբիր Ֆայզովը ձերբակալվել ու կալանավորվել են։ Գործի քննությունը շարունակվում է։