25/03/2024 15:41
Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 13.6 տոկոսով, ՀՀ-ից արտահանումը՝ 2.6 անգամ
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին 13.6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։
Ըստ ԱՎԿ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին 2 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.9 տոկոսով:
Շինարարության ծավալը հունվար–փետրվարին 2023–ի հունվար–փետրվարի համեմատ ավելացել է 10.8 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում տարվա առաջին 2 ամսում ավելացումը կազմել է 24.1 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 5.2 տոկոսով:
2024 թվականին հունվար–փետրվարին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.4 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս նվազում է արձանագրվել, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 4.9 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2024–ի առաջին երկու ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ։ Ընդ որում՝ արտահանումն աճել է 2.6 անգամ, իսկ ներմուծումը՝ 73.2 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-փետրվար ամիսներին կազմել է 404.61 դրամ: